0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր մրցակցին. «Ժալգիրիս», Վիլնյուս (Լիտվա)

Ակումբը ստեղծվել է 1947թ.-ին և ներկայացնում է Լիտվայի մայրաքաղաք՝ Վիլնյուսը: «Ժալգիրիսը» ԽՍՀՄ տարիների լիտվական ամենահայտնի թիմն էր՝ մեկ անգամ դարձել է ԽՍՀՄ-ի առաջնության բրոնզե մեդալակիր (1987թ.) և մեկ անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ-ի Առաջին լիգայի առաջնությունում (1982թ.): «Ժալգիրիսը» 9 անգամ դարձել է նաև Լիտվայի չեմպիոն, 13 անգամ՝ երկրի գավաթակիր և 7 անգամ՝ սուպերգավաթակիր ու այդ ցուցանիշով Լիտվայի ամենատիտղոսակիր թիմն է:

Ընթացիկ մրցաշրջանը լավագույններից է «կանաչա-սպիտակավունների» պատմության մեջ: «Ժալգիրիսը» դարձավ առաջին լիտվական ակումբը, որը հանդես եկավ եվրոգավաթների խմբային փուլում: Լիտվայի չեմպիոնն իր մրցելույթները սկսեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ առաջին երկու փուլերում առավելության հասավ Կոսովոյի և Շվեդիայի չեմպիոններ՝ «Բալկանիի» և «Մալմյոյի» նկատմամբ, իսկ որակավորման երրորդ փուլում «Ժալգիրիսը» երկու խաղերի արդյունքով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Բոդո Գլիմտին»: Այնուհետև, թիմը շարունակեց իր եվրոգավաթային ճանապարհը Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ ընդհանուր դիմակայությունում զիջեց Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցին», սակայն «Ժալգիրիսն» արդեն նախապես ապահովել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը:

Նշենք, որ «Փյունիկի» և «Ժալգիրիսի» ճանապարհներն արդեն մեկ անգամ խաչվել են եվրոգավաթներում: Եվրոպա լիգայի 2013/14թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, մեր թիմը՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, 0-2 հաշվով պարտություն կրեց Վիլնյուսում:

Մեկ շաբաթ անց, թիմերի միջև կայացած պատասխան խաղում, «Փյունիկը» Վիուլեն Այվազյանի խփած գոլի շնորհիվ առջևում էր հաշվի մեջ, սակայն խաղավերջում մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը և արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1:

Հատկանշական է, որ 9 տարվա վաղեմության այդ դիմակայությունում մասնակցած ֆուտբոլիստներից, ներկայումս «Ժալգիրիսում» ընդգրկված է միայն 35-ամյա փորձառու կիսապաշտպան Մանտաս Կուկլիսը: Ի դեպ, նա 2013թ.-ին Երևանում կայացած թիմերի պատասխան հանդիպման ժամանակ, խաղավերջում 11 մետրանոց հարվածով հավասարեցրել էր խաղի հաշիվը:

 

Վերջին նորություններ