0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Նարվա Տրանս». ֆուտբոլային դպրոց, տիտղոսներ ու էստոնական լիգայի ռեկորդակիրներ

«Փյունիկը» հուլիսի 13-ին կսկսի պայքարը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Մեր մրցակիցը Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսն» է, որը նվաճել է այս մրցաշարի ուղեգիր երկրի գավաթի խաղարկությունում հաղթանակի շնորհիվ: Մենք ուսումնասիրել ենք մեր առաջիկա մրցակցին և առանձնացրել որոշակի հետաքրքրական փաստեր:

«Նարվա Տրանսի» պատմությունը սկսվում է 1979 թվականից: Հետաքրքրական է, որ ակումբի առաջին անվանումը եղել է «Ավտոմոբիլիստ», քանի որ թիմը ստեղծվել է «Ավտոբազա 13» ավտոտրանսպորտային ձեռնարկության հիման վրա։ Հենց դրա հետ կարելի է կապել նաև այս թիմի ներկայիս անվանումը:


Իր հիմնադրման առաջին տասնամյակում թիմը 3 մրցաշրջան անցկացրել է Էստոնիայի ԽՍՀ առաջնությունում (1984, 1987 և 1989), սակայն այնտեղ վերջնական կարողացել է ամրապնդվել մի փոքր ուշ։ 

1992 թվականին թիմը իր նորամուտն է նշել Էստոնիայի գլխավոր առաջնությունում` զուգահեռաբար զարգացնելով մանկապատենական ֆուտբոլի իր դպրոցը: «Նարվա Տրանսի» սան Մաքսիմ Գրուզնովը 2001-ին հարազատ թիմի գույներով հեղինակել է 37 գոլ ու դարձել մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Հարձակվողը էստոնական լիգայում, ընդհանուր առմամբ, աչքի է ընկել 304 անգամ ու այս ցուցանիշով նա լիգայի ռեկորդ է սահմանել:

«Նարվայի» ամենահաջողակ սանը, թերևս, Վալերի Կարպինն է: Վերջինը հատկապես հիշարժան ելույթներ է ունեցել Մոսկվայի «Սպարտակում», «Ռեալ Սոսյեդադում», «Վալենսիայում» ու «Սելտայում, իսկ այս օրերին Կարպինը գլխավորում է «Ռոստովը» ու Ռուսաստանի ազգային հավաքականը:

«Նարվայի» ներկայիս կազմում հանդես է գալիս 6 սան:

Էստոնական ակումբը իր պատմության ընթացքում երբեք չի հաղթել ներքին առաջնությունում, փոխարենը 3 անգամ նվաճել է Էստոնիայի գավաթը (2001, 2019, 2023), 2 անգամ էլ` Սուպերգավաթը (2007, 2008): Մեր մրցակիցը պարբերաբար մասնակցում է եվրագավաթներին: 1996-ից «Նարվան» գրեթե ամեն մրցաշրջանում ներկայացել է Ինտերտոտոյի գավաթում ու ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայում, այնուամենայնիվ նշանակալի հաջողություններ չի ունեցել: 

«Նարվա Տրանսում» 21-րդ դարում  երկու հայ ֆուտբոլիստ է հանդես եկել. 2001-ից 2003-ը` Վահագն Հարությունյանը, իսկ 2010/2011 մրցաշրջանում` Լևոն Ղասաբողլյանը:

2023 թվականի հունվարից թիմը մարզում է Սերգեյ Տերեխովը։ Որպես խաղացող նա Էստոնիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 258 խաղ և դարձել 51 գոլի հեղինակ: Ներկայիս մարզիչը 2012 թվականին «Նիմե Կալյուի» հետ հռչակվել է երկրի չեմպիոն և դարձել կրկնակի արծաթե մեդալակիր 2011 և 2013 թվականներին։ Տերեխովը խաղացել է նաև Ռուսաստանում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում։ Նա Էստոնիայի հավաքականում հանդես է եկել 1997-2007 թվականներին և 94 խաղում աչքի ընկել 5 գոլով։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Տերեխովը գլխավորել է էստոնական «Նիմե Կալյուն» և եղել մարզչի օգնական «Լեգիոնում»։


Էստոնիայի ընթացիկ մրցաշրջանում թիմը 20 խաղից հետո վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը: Թիմի լավագույն ռմբարկուն Տրիստան Կոստորն է, որը 18 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

Սպասում ենք հետաքրքիր դիմակայություն ու հավատում մեր թիմի հաղթանակին:

Վերջին նորություններ